Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Երևանի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևանի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, վերոնշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր հատակագծով, ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից:

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Այնուհետև Երևանի քաղաքապետի կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ ` օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ–ին։

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է

Իսկ արդեն 2015–ին, հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 մլրդ դրամի։ Այսինքն` շուրջ 70 անգամ ավել գումարով է այն գրավադրվել, քան` տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանը որպես Երևանի քաղաքապետ պաշտոնավարել է 2003-09 թվականներին։

Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար