Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան. լուսանկարներ

Սինգապուրի վարչապետը կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Սինգապուրի վարչապետին դիմավորեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց

Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին Հայաստանի վարչապետն էր այցելել Սինգապուր։