ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել ՀՀ–ում անցկացվող զորավարժությունների ընթացքին։ Նա այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,– գրել է նա:
Փաշինյանին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Տեսանյութում երևում է, որ երբ Փաշինյանն իջնում է ուղղաթիռից, նրան դիմավորողների թվում են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։
Մինչ տեղ հասնելը Փաշինյանը լուսանկարվել է նաև ուղղաթիռում և լուսանկարները հրապարակել Instagarm–ում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ից Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել, և լայնածավալ զորավարժություններ են անցկացվում, որոնք տևելու են մինչև հոկտեմբերի 5-ը։
ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նման մասշտաբի զորահավաք Հայաստանում երբևէ չի անցկացվել, բայց թվակազմի առումով այն լինելու է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների սահմանում։
Զորահավաքին ներգրավվել են նաև պահեստազորայինները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ու ծանուցման դեպքում ներկայանալ զորահավաքի։