Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա է ձերբակալվել

Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան նոտարներից գնել է նրանց պատկանող տարածքը և վարձակալությամբ հանձնել հենց իրենց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Փանոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Որոշում է կայացվել հարուցված քրգործի նշված հոդվածով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,–հայտնում է ՔԿ–ն։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում Նորայր Փանոսյանի, և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Քաղաքապետարանի պաշտոնյաներն օգնել են «Սանիթեքին» խաբել պետությանը

Այսպես, Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը` նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում նոտարներից վերցրել է նրանց տարածքը։

Մասնավորապես, Նորայր Փանոսյանը վերոհիշյալ տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով նոտարներին զրկել է իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից։

Ոստիկանության պաշտոնյան հովանավորել է թմրաբիզնեսը. ՊԵԿ

Ավելին, նա ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շենգավիթի Բագրատունյաց պողոտայի թիվ 43 հասարակական տարածքի գնահատումն իրականացրած ՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը:

Նախաքննությունը շարունակվում է։