Աննա Դանիբեկյանին նսեմացնելու քրգործով նոր զարգացումներ կան. նախարարն էլ արձագանքեց

Քննչական կոմիտեն հայտնում է, թե ով է այն տղամարդը, որին ձերբակալել են դատավոր Աննա Դանիբեկյանին վիրավորելու դեպքից հետո հարուցված քրգործով, իսկ արդարադատության նախարարն անթույլատրելի է համարում դատավորի հետ կատարվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՔԿ–ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:

«Պարզվում է դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,–գրել է Հարությունյանը։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր Facebook սոցիալական ցանցի էջում է գրառում կատարել` անդրադառնալով դեպքին։ Նախարարը գրել է, որ խստորեն դատապարտում է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: «Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»,–գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը