Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը. Թորոսյան

Ներկայում մարզի բնակիչը 103 զանգահարելու դեպքում միանում է Երևանի շտապօգնության կայանին և ստիպված լինում երկրորդ զանգը կատարելու համար ժամանակ կորցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը սկսում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը: Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում։

Սեպտեմբերի 1–ից շտապօգնության մեքենաների թիվն ութով կավելանա. Թագուհի Ստեփանյան

«Պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան»,–գրել է Թորոսյանը:

Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:

«Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու»,–գրել է նախարարը:

Հիշեցնենք` Արսեն Թորոսյանն այս տարվա հունիսին հայտարարեց, որ մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել են «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ:

Շտապօգնության աշխատակիցներն էլ ներառվեցին, մնացին լրագրողները

Նախարարի խոսքով` դա նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել։