ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. «Օֆշորի արքա», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Մասնավորապես, երբ 2016 թվականին հայ իրավապահները գրությունով տեղեկություններ են խնդրել Միհրան Պողոսյանի բանկային հաշիվների մասին, ի պատասխան գրության` Շվեյցարիայից հայտնել են, որ եթե Հայաստանում Միհրան Պողոսյանի՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, ապա այդ գործի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որպեսզի շվեյցարական կողմը տրամադրի ՀՀ-ին Պողոսյանի բանկային հաշիվների մասին տեղեկություն:
Սակայն Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է` նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Ասել է թե՝ ի սկզբանե իրավապահ համակարգը այս գործի պատշաճ քննություն չի իրականացրել, եւ 2017-ին գլխավոր դատախազությունը կարճել է այն:
«Ու հիմա, երբ ՀՔԾ-ն վերաբացել է այս գործը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, թե նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել, պարզապես հիմա «նոր հանգամանքներ են ի հայտ եկել»: Այդ դեպքում ինչո՞ւ Շվեյցարիայից հավելյալ տվյալներ չի ուզել դատախազությունը: Հարցը մնում է անպատասխան»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան
Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։