Մահացել է արվեստաբան Վան Խաչատուրը

Գեղանկարչության հիմնադիր նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրի մահվան մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. 93 տարեկանում կյանքից հեռացել է ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիր նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան)։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Կտտանքների զոհերը. ինչու է հայ նկարիչն ապշեցրել The Guardian–ի արվեստաբանին

«Նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա արվեստասեր հասարակության, հարազատների և գործընկերների սրտերում»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:  

Վան Խաչատուրը ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում:

1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։

Պարզվել է` Ֆրանսիայում 90–ամյա կնոջ խոհանոցի կեղտոտ նկարը Վերածննդի շրջանի գլուխգործոց է

Խաչատուրը Մատենադարանի խճանկարի և որմնանկարների հեղինակն է:

2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: