Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդանոց և հայտնել, որ բժիշկները պայքարում են փոխգնդապետ Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար։ Նա կոմայի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար»,–գրել է նա։

Թորոսյանն առողջություն է մաղթել Մխիթարյանին, իսկ նրա հարազատներին` տոկունություն:

Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգվում է. ՔԿ

Նշենք, որ փոխգնդապետն արդեն 8 օր է` կոմայի մեջ է։

Հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի. Տոնոյանը` փոխգնդապետի հետ կատարվածի մասին

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում է, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։