ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թաիլադանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից հետո հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արդեն իսկ լուրջ հայտ էր ներկայացրել աշխարհի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճելու համար:
Հրում վարժությունում բոլոր ծանրորդներն ավարտել էին իրենց ելույթը, բայց հայ դյուցազունը դեռ դուրս չէր եկել հարթակ: Մարտիրոսյանի նախնական հայտը 230 կգ էր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը, ընդամենը մեկ մոտեցում իրացնելով, ապահովեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր մարզիկը նվաճեց երկու փոքր և մեկ մեծ ոսկե մեդալը՝ երկամարտում:
Բայց այսքանով Մարտիրոսյանը չբավարարվեց: Երկրորդ մատուցումով ծանրամարտիկը պատվիրեց 241 կգ, ինչը բարձրացնելու դեպքում հայ ծանրորդը կսահմաներ աշխարհի ռեկորդներ՝ հրում վարժությունում և երկամարտում: Մոտեցումը չստացվեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր: Նա աշխարհի չեմպիոն է՝ կրկին:
Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Թաիլադնում Հայաստանն արդեն ունի աշխարհի երկու չեմպիոն՝ Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Վաղը գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր 109 կգ քաշային կարգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց: