«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինի բոլորի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն անհարմար վիճակի մեջ է հայտնվում հարևան երկրների ու ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածության պատճառով։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում։

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ»,– նշել է վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ անընդհատ ենթարկվում է նրանց մի մասի կամ, որ ավելի վատ է, բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,– ասել է Փաշինյանը։

«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան

Նա նշել է, որ դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որն արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ և ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման և կատաղի դիմադրության:

Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: