ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է Կոմիտաս Վարդապետի գծանկարները, հատվածներ` «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ: Դարձերեսին Կոմիտասի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների պատկերներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը և Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հիշեցնենք, որ այսօր հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) 150–րդ տարեդարձն է։ Հոբելյանի առթիվ ողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ։