ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցին:
Sputnik
Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

ՀՀ արդարադատության նախկին նախարարը նշել է, որ իրավական առումով այն, ինչ ներկայացված է հարցին վերաբերող նախագծում, ոչ միայն ծայրահեղ խոցելի է, այլև անհիմն:

«Կարծում եմ, որ դրա վերաբերյալ ի վերջո իր կարծիքը կարտահայտի ՍԴ-ն: Հարցը եղել է բացարձակապես քաղաքական տիրույթում, և պարզ է, որ նպատակը ոչ թե կապված է կոնկրետ այս դիմումի, այլ գործի հետ, մասնավորապես`300.1 հոդվածի սահմանադրականության հարցի լուծման ժամանակ ապահովել ՍԴ-ի ցանկալի որոշում»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

Արդարադատության նախկին նախարարը շեշտում է, որ խոսում են այն մասին, թե դատարանները պետք է լինեն անկախ, սակայն փորձ է արվում ազդել դատարանների կոնֆիգուրացիայի վրա՝ նախընտրած մարդկանց մտցնելով այդ կառույց: Ըստ նրա՝ պարտադիր չէ, որ ազդեցությունը ենթադրի զանգերի առկայություն, կամ որոշումների ընդունման սպառնալիքներ: Ազդեցությունը լինում է նաև այն եղանակով, որ փորձ է արվում ապահովել դատարանի ենթադրյալ գամման:

«Եթե ԱԺ-ն օբյեկտիվ է մոտենում հարցերին, ապա առաջին հերթին պետք է հարց տար՝ ինչու՞ չի դադարեցվում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները, ով թեև ընտրվել է, սակայն ընդհանրապես չի մասնակցում ՍԴ նիստերին»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախկին նախարարի համոզմամբ՝ սա խոսում է այն մասին, որ Հրայր Թովմասյանի հետ կապված ամբողջ գործընթացը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի: