ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր ուժային գործողություններ են տեղի ունեցել ԱՊՀ երկրների զինվորականների հակաահաբեկչական համատեղ զորավարժությունների շրջանակում։ Վարժանքներն անցկացվում են «Արարատ–Անտիտեռոր 2019» խորագրի ներքո։
Ինչպես տեղից փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը` պայմանական ահաբեկիչներին արգելափակելու և ոչնչացնելու հատուկ գործողություններին մասնակցելու համար ներգրավվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանություն և ԶՈՒ ուժեր և միջոցներ։ Իսկ «ահաբեկչության» հետևանքները վերացնելու համար գործի են դրվել Հանրապետության ԱԻՆ ուժերը։
Վարժանքների սցենարի համաձայն` «Գազպրոմ Արմենիայի» շենքում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելուց հետո հանրապետական օպերատիվ շտաբը տեղեկություն է ստանում, որ ահաբեկիչների առանձին խմբեր փորձում են ճեղքել ՀՀ սահմանը։ Միաժամանակ, մարտունակությունը պահպանած և սահման չհասած զինյալների խումբը գրավում է բնակավայրը` նպատակ ունենալով պատանդներով քողարկվելով` գնալ հարևան պետության կողմ։
Պայմանական զինյալներին չեզոքացնելու` ուժային կառույցների գործողությունների մշակումը մի քանի դրվագներով է անցկացվել. ապօրինի միավորումների որոնում և ոչնչացում, բնակավայրի ազատմանը և առանձին շենքում զինյալների խմբի ոչնչացմանն ուղղված բանակի և ոստիկանության մարտական համատեղ գործողություններ, ինչպես նաև պատանդների ազատում։ Եվ վերջապես ավարտական փուլը` հայ սահմանապահների կողմից փոքր խմբերի ոչնչացում։
Գործողություններում ընդհանուր առմամբ ներգրավվել էր բանակի, ԱԱԾ–ի, ԱԻՆ–ի և ոստիկանության շուրջ 2 հազար զինծառայող։
«Գազպրոմ Արմենիայի» շենքի «գրոհը». «ահաբեկիչներին» որևէ շանս չմնաց. տեսանյութ
Հիշեցնենք` Երևանում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների հավաքը։
Ամեն տարի այս հարթակում փորձի փոխանակում է իրականացվում, քննարկվում են ահաբեկչությանը հակազդելու ոլորտում միջպետական և միջգերատեսչական համագործակցության արդիական հարցեր։ 2001 թվականից սկսած, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո նման 15 վարժանք է կազմակերպվել։