Հայտնի է Բառնաուլում Boeing–ի կոշտ վայրէջքից տուժածների թիվը

Բառնաուլում կոշտ վայրէջք է կատարել Azur Air ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռը։ Նախնական տեղեկության համաձայն` Վիետնամից դուրս եկած օդանավում հրդեհ է բռնկել վայրէջքի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Բառնաուլում Boeing–ի կոշտ վայրէջքի հետևանքով տուժածների թիվը հասել է 56–ի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Արևմտյան Սիբիրի քննչական վարչությունում։

«Ուղևորներից մեկը հիվանդանոցում է», – նշել է գործակալության զրուցակիցը։ Մյուսներին զննել և տուն են ուղարկել։ Ավելի վաղ հայտնում էին 49 տուժածի մասին։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրամասի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում գտնվող կնոջ մոտ ախտորոշել են երիկամների և ողնաշարի գոտկային հատվածի վնասվածք։

​Չորեքշաբթի երեկոյան Բառնաուլում կոշտ վայրէջք էր կատարել Azur Air ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռը։ Նախնական տեղեկության համաձայն` Վիետնամից թռչող օդանավում բռնկել է շասիի աջ կանգնակը։

Տրանսպորտի նախարարության տվյալներով` օդանավում 341 մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի 10 անդամ։ Գերատեսչությունից նշել են, որ օդանավակայանի բոլոր ծառայությունները, ինչպես նաև փրկարարական ծառայությունն օպերատիվ են գործել։