Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է. Անվտանգության խորհրդի քարտուղար

Սահմանադրությունը ՀՀ վարչապետին գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններով օժտում է միայն պատերազմի ժամանակ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ, Հայաստանն այսօր էլ պատերազմի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոններում հրաժարականներ չեն լինում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները։

«Բնականաբար, այդ պաշտոններում նշանակումներն ու հեռացումները կատարում է վարչապետը, և շատ կարևոր է արձանագրել, որ այդ պաշտոններից հրաժարականներ չեն լինում։ Այս որոշումն ամբողջությամբ գտնվում է վարչապետի տիրույթում»,– ասաց նա։

Արթուր Վանեցյանի ու վարչապետի հակասությունների վերաբերյալ մեկնաբանություն Գրիգորյանը հրաժարվեց ներկայացնել։

Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` գլխավոր գերագույն հրամանատար լինել–չլինելու խնդրին, Արմեն Գրիգորյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Փաստացի լինելով պատերազմի մեջ` Հայաստանը Սահմանադրություն էր փոխում ու մեկ անձի համար Սահմանադրություն էր գրում։ Մենք հիմա բախվում են այդ խնդրին։ Մարդիկ ասում են` Սահմանադրության մեջ գրված է միայն պատերազմի ժամանակ։ Հարց է առաջանում` իսկ այսօր Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ։ Եթե դե ֆակտո մենք պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունը որոշակի չափով նաև պատասխանում է այդ հարցին»,– ասաց Գրիգորյանը։

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետը հայտարարեց ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին։ Իսկ սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ նաև ոստիկանության պետի պաշտոնանկությունը։

Այս հրաժարականների ֆոնին ընդդիմությունը քննարկման ասպարեզ բերեց ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն ՀՀ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է համարվում միայն պատերազմական դրության ժամանակ։