ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի զինված ուժերը և հատուկ ծառայությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի` հաշվի առնելով տարածաշրջանում ահաբեկչական ակտիվությունը։ Այդ մասին «Բաղրամյան» զորավարժարանում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։ Հինգշաբթի «Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել խոշոր հակաահաբեկչական զորավարժություններ` բանակի, ԱԱԾ, ոստիկանության և ԱԻՆ ուժերի ներգրավմամբ։
«Սիրիայում կատարվող գործողություններն այսօր ահաբեկչական խմբավորումներին ստիպում են լքել այդ երկրի տարածքը։ Եվ քանի որ Հայաստանը տարանցիկ պետություններից է` հասկանալի է, որ ահաբեկիչները կարող են օգտվել նրա տարածքից»,–ասաց Սարգսյանը։
Նա կարծում է, որ այսօրվա զորավարժությունները կարևոր են առաջին հերթին այս համատեքստում։ Զորավարժությունների նպատակը տարբեր ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակեցումն է անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարում։ Նրա խոսքով` թեև վերջին շրջանում Հայաստանի պետական սահմանն անօրինականորեն հատելու դեպքեր չեն գրանցվել, այնուամենայնիվ, չի կարելի ոչ մի րոպե կորցնել զգոնությունը։ Սարգսյանը կարծում է նաև, որ այսօրվա զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները լիովին լուծել են իրենց առջև դրված խնդիրները։
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». ՄՆացականյանի ելույթը ՄԱԿ–ում
Նշենք, որ պայմանական ահաբեկիչներին պաշարելու և ոչնչացնելու հատուկ գործողությանը մասնակցելու համար ներգրավվել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության և զինված ուժերի ծառայողները։ «Ահաբեկչական գործողության» հետևանքները վերացնելու համար գործարկվել են ԱԻՆ ուժերը։