Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ

Հիվանդանոցից դուրս գրված Արվինի մայրն ասում է, որ շնորհիվ բժիշկների իրենց ընտանիքը շարունակելու է ժպտալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

«Նման «Happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցն իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները. շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «Happy end»-ով» - ասել է Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

Դերձյանը հայտնում է, որ երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: Նրա խոսքով` ԲԿ-ի միջանցքներում տոն էր, քանի որ տղային բոլորը հասցրել էին սիրել:

Վեցերորդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված էր արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին:

Երևանում 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրույն շնչել

Ի դեպ, երեխայի հայրը` Արթին Վիքսոմը, իրանահայ է, կինը` իրանցի։ Տղայի հայրը պատմել էր, որ ԱՄՆ–ից սեպտեմբերի 4–ի գիշերը եկել էին Հայաստան` հանգստանալու։ Դեպքը տեղի է ունեցել ժամանման հաջորդ օրը։

Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ

Արթինը հաճելիորեն զարմացած էր թե՛ բժիշկների, թե՛ ծանոթ–անծանոթների արձագանքից։ Ասում էր, որ բոլորը շատ սրտացավորեն են վերաբերվել իրենց և անգամ մինչ այսօր անծանոթ մարդիկ զանգում, հարցնում են երեխայի առողջության մասին։