Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում

ՊՆ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ 1 մլն դոլար արժեքով ԱԹՍ–ի` Ակնայում հայտնվելը կապած է զորավարժությունների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների` երեկ խոցած ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարքն իսրայելական արտադրության էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այժմ այդ ԱԹՍ–ները հավաքվում են Իսրայելում և կարող են բարձրանալ 5-6 կմ։ Բավական արդիական սարքեր են։ Ի դեպ, դրանք նաև բավական թանկ արժեն` մինչև 1 մլն դոլար կարող են արժենալ` նայած, թե որ երկրին են այն վաճառում»,–ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ այդ ԱԹՍ–ները հետախուզության համար են։

Հարցին, թե հակառակորդի նման քայլը կարո՞ղ էր պայմանավորված լինել Արցախում անցկացվող զորավարժությամբ։

Կրակոցներից մինչև անօդաչու սարք. ի՞նչ գործողությունների է դիմել Ադրբեջանը Արցախի սահմանին

«Միանշանակ»,– պատասխանեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ORBITER-2 տիպի անօդաչուն խոցվել էր երեկ, ժամը 10:15-ի սահմանում։ Թռչող սարքը հետախուզական թռիչք էր իրականացրել Ակնայի հատվածում։

Ավելի վաղ` սեպտեմբերի 22-ին, ժամը 16:15-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ։

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները: