ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող` Իրանի Իսլամական Հանրապետությունից խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մաքսանենգը մենակ չի գործել, ունեցել է պաշտոնյա հովանավոր։
Ինչպես հայտնում են ՊԵԿ–ից, ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից Իրանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան:
Նա պարբերաբար հանդիպել է Տ.Գ-ին ու խորհուրդներ տվել` ինչ անել իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու համար։ Այս խորհրդատվության ու հովանավորչության դիմաց բարձրաստիճան ոստիկանը Տ.Գ-ից գումար է ստացել։
«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի մեղրի տարայի մեջ թմրամիջոցի նմանվող նյութ են հայտնաբերել
Ոստիկնության պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն իրականացնելու համար: