Ինչ լուր է լսել Փաշինյանը ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո. վարչապետի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Հայաստան և ուրախալի լուր լսել։ Նա այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր - Sputnik. Վերադարձանք Հայաստան և լսեցինք հրաշալի լուրը. Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է (արդեն՝ երկրորդ անգամ) և ռեկորդակիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հերթական հաղթանակի առթիվ վարչապետը շնորհավորել է մարզիկին և հայ ժողովրդին։

Նշենք, որ Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրամարտիկը աշխարհի ռեկորդ սահմանեց։

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ, Արամնովը 188 կգ, իսկ Յանգը՝ 187 կգ: Մրցակիցները հստակ կատարեցին իրենց առաջին մոտեցումները: Հայ մարզիկի պատասխանը երկար սպասեցնել չտվեց՝ 190 կգ:

Ի վերջո, իր երրորդ մոտեցմամբ չինացի ծանրորդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 197կգ: Անմիջապես ռեկորդը թարմացրեց Արամնովը՝ 198 կգ: Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ: Վերջնական ռեկորդը սահմանեց հայ ծանրորդն ու փոքր ոսկի ապահովեց:

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

Հրում վարժությունում Մարտիրոսյանը, ընդամենը մեկ մոտեցում իրացնելով, ապահովեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր մարզիկը նվաճեց երկու փոքր և մեկ մեծ ոսկե մեդալը՝ երկամարտում։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին: