Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ

Դեռևս հայտնի չէ, թե Գևորգ Կոստանյանն ինչ կարգավիճակով է Մարտի 1–ի գործով կանչվել Հատուկ քննչական ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար

«Կոստանյանը պատասխանել է, որ այս պահին գտնվում է արտերկրում և կվերադառնա 15-20 օրվա ընթացքում»,–ասացին ՀՔԾ լրատվական բաժնից։

Իսկ թե ի՞նչ կարգավիճակով է Կոստանյանը կանչվել ՀՔԾ` դեռևս տեղեկություն չեն կարող փոխանցել։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեկան կեղծիքի և հանցագործություն պարտակելու հոդվածներով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ–ում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Սարգսյան. «Ցանկանում են ինձ վարկաբեկել և այդ ամենը ցույց են տալիս հեռուստատեսությամբ»

Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն: