«Շատ եմ կարոտում». Արթուր Չիլինգարովը խոստացել է շուտով Հայաստան գալ

Արկտիկայի և Անտարկտիկայի մեծանուն ժամանակակից հետազոտող Արթուր Չիլինգարովի հոբելյանին ընդառաջ մենք կապ ենք հաստատել նրա հետ ու առաջինը շնորհավորել այդ կապակցությամբ։ Այսօր աշխարհահռչակ գիտնականն  ու հետախույզը նշում է իր 80–ամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Արթուր Չիլինգարովը շատ է  կարոտում Հայաստանն ու մտադիր է նորից պատմական հայրենիք գալ հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիային տված բլից հարցազրույցի ընթացքում։

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում

–Պարոն Չիլինգարով, գիտենք, որ նախօրոք ծնունդը չեն շնորհավորում, բայց կարծում ենք` վաղն անհնար կլինի Ձեզ հետ կապ հաստատել. այս աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, որոնք ուզում են ձեզ բարեմաղթանքներ հղել։ Այնպես որ նախապես ընդունեք շնորհավորանքը Sputnik Արմենիայի կողմից ու ասեք` երբ եք պատրաստվում Հայաստան այցելել։

–Պատրաստվում եմ։ Կարծում  եմ` հոկտեմբերին կամ նոյեմբերին անպայման կգամ։

– Գիտական գործերո՞վ։

–Ոչ։ Պարզապես հանգստանալ եմ ուզում։ Շատ նուրբ  երկիր է. շատ եմ հավանում։ Անկեղծ՝ Հայաստանին բարիք, ծաղկում ու առատություն եմ մաղթում։

–Երևանյան Ձեր նախորդ այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասացիք, որ շուտով Ձեր դուստրը խնդրի իրեն Հայաստանի քաղաքացիություն տրամադրել։ Դա եղա՞վ։

– Ոչ, առայժմ չի ստացվել։ Նա այժմ իտալացու հետ է ամուսնանում։ Երևի դրա ժամանակը չունի։

–Հայաստանում սիրելի վայրեր ունե՞ք։

–Ես սիրում եմ ամբողջ Հայաստանը։ Շատ եմ կարոտում Հայաստանն ու շուտով կրկին այն տեսնելու հույս ունեմ։

– Շնորհակալություն հարցազրույցի համար։ Եվս մեկ անգամ շնորհավոր, սիրով սպասում ենք։

–Ձեզ էլ շնորհակալություն։ Անպայման կգամ։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։

«Կատերինան հրաշքների աշխարհում». Գորդոնն այցելել է Հայաստան և սեր խոստովանել

Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում գիտությամբ է զբաղվել։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։

Նիկոլայի որդին բիզնեսով է զբաղվում, դուստրը` Քսենյան, հայտնի դիզայներ և հաղորդավար է։