ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում խախտումների ծավալը գումարային արտահայտությամբ կազմում է 3,314.000 000 դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, որտեղ ամփոփվել են իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։
Համաձայն այդ ուսումնասիրությունների` նշված ժամանակահատվածում կատարվել են ոչ մրցակցային կամ «ձևական» գնումներ, անարդյունավետ ծախսեր, փաստացի գրանցված, բայց չիրականացված գնումներ, անգործությունից ծնված կորուստներ, բարձր աշխատավարձեր և այլն։
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ։
Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա
Նշենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։
2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։