«Քննչական մարմինները ձեռնարկում են քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր». Վիգեն Սարգսյան

Նախկին նախարարը նշել է, որ իր գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել է, գործում է իր էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, նրա խոսքով, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նրա` մեղադրյալի կարգավիճակի տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ քիչ առաջ մամուլից է տեղեկացել, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է իրեն ներգրավել որպես մեղադրյալ:

Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար

«Համարում եմ, որ քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին»,–գրել է Սարգսյանը:

Նա նշել է, որ իր գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել է, գործում է իր էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, նրա խոսքով, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին:

«Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով»,–գրել է նախկին նախարարը:

«Մուլտի գրուպի» տնօրենին նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

Նա նշել է, որ վրդովված է, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով:

Հետգրության մեջ նա նշել է, որ զինծառայողների, ինչպես նաև զինհաշմանդամների և զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, և մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր: «Մի քանի ամսվա ընթացքում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր»,–հիշեցրել է Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ–ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով ներգրավվել են որպես մեղադրյալ: