Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Փաշինյանը խոսել է աղմկահարույց քրգործերի մասին և նշել, որ քննիչները ծանրաբեռնված են աշխատում Հայաստանում. մի քննիչի վարույթում 30-40 քրգործ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Պաշտոնյաների հանդեպ մի շարք քրեական գործեր կան հարուցված, ու դրանք ընթացքի մեջ են։ Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ասաց այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` սկսելով թվարկել, թե որոնք են այդ քրգործերը։

«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, օգտվելով իր պատգամավորական մանդատից, հեռացավ ՀՀ–ից։ Միհրան Պողոսյանն էլ, որի դեմ քրգործ է հարուցվել, փախած է։ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, էլի փախած է ՀՀ–ից։ Մանվել Գրիգորյանը բանտում է, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը նույնպես բանտում են»,– թվարկեց նա։

Նրա խոսքով` քննիչները ծանրաբեռնված են աշխատում Հայաստանում. մի քննիչի վարույթում 30-40 քրգործ կա։

Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները Փաշինյանին չեն բավարարում, ու նաև դա է պատճառը, որ իրավական համակարգում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին աշխատանքից ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Օրեր անց` օգոստոսի 18–ին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Օսիպյանը, սակայն, նշանակվեց Փաշինյանի խորհրդական։