ՌԱԴԻՈ

Մարաբյան. «Արտերկրում նույնպես հասանելի կլինի Թումանյանի արվեստը»

Գյումրիում կկայանա համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 -ամյակներին։ Արտերկրի լսարանի համար շեշտը դրվել է նաև թարգմանությունների վրա։
Sputnik
Մարաբյան. «Արտերկրում նույնպես հասանելի կլինի Թումանյանի արվեստը»

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ազգային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Գյումրիում կայանալիք` Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված համերգի մասին։

Հովհաննես Թումանյանի թոռներն ու ծոռները հավաքվել են Հայաստանում

Համերգը տեղի է ունենալու Գյումրու Սև բերդ ամրոցում։

Ըստ Մարաբյանի` համերգային և բուն միջոցառումների կողքին շատ կարևոր է եղել նոր հրատարակությունների կազմակերպումը, և պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների ցանկում կարևորագույն տեղ են ունեցել հոբելյանական հրատարակությունները։

«Այս գործն իրենց վրա են վերցրել երկու թանգարաններ`Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում և Կոմիտասի թանգարան–ինստիտուտը։ Իհարկե, ներգրավված են եղել նաև Գիտությունների ազգային ակադեմիան և մեր թանգարաններից շատերը, որոնք գրական ուղղվածություն ունեն, օրինակ` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը»,–նշում է Մարաբյանը։

Աստղիկ Մարաբյանի խոսքով` այս բոլոր գիտական, հետազոտական ինստիտուտների, կազմակերպությունների կողմից թողարկվել են նոր հրատարակություններ։

«Շեշտադրումը, հատկապես Թումանյանի առումով, դրվել է թարգմանությունների վրա, որպեսզի նաև արտերկրում հանրությանը հասանելի լինի Թումանյանի արվեստը։ Կոմիտասի հետ կապված` «Հայաստան» երաժշտական ընկերությունը հրատարակում է մեներգեր, խմբերգեր երեխաների համար»,–ասում է նա։

Ըստ Մարաբյանի` թե՛ բովանդակային, թե՛ ծրագրային ուղղությունների առումով, փորձել են բացեր չթողնել։

Հայաստանում ու Վրաստանում «Թումանյանական հեքիաթի օր» կանցկացվի

«Կարծում եմ` իսկապես մեծ աշխատանք է տարվել բոլոր ուղղություններով երկու հոբելյարների արվեստը, նրանց թողած ժառանգությունը ներկայացնելու, հանրության լայն շերտերին ավելի հասանելի դարձնելու ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում»,–ասում է նա։

Նշենք, որ  սեպտեմբերի 28-ին Գյումրիում կայանալիք համերգի մուտքը հրավիրատոմսերով է և միջոցառման շրջանակում Գյումրի–Երևան–Գյումրի ուղղություններով տրանսպորտի հարցը կլուծի նախարարությունը։