ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։
Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից և հավելում, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։
«Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով` անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։
ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով։
Հայկական դեղձի խորդուբորդ ճանապարհը. «Սպայկան» խնդիրներ ունի ռուսական մաքսակետում
Հիշեցնենք,ո ր երեկ` սեպտեմբերի 23–ին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ասել էին, որ Վերին Լարսի անցակետում առաջացած հերթերի պատճառը ոչ թե Հայաստանից արտահանվող, այլ Ռուսաստանից դեպի Հայաստան ու այլ երկրներ արտահանվող բեռներն են։ Բանն այն է, որ բեռնափոխադրումներ իրականացնողները խախտում են տեխնիկական կանոնակարգերն ու ավտոմեքենաները թույլատրելիից ավելին են բեռնում` խախտելով ՌԴ կառավարության որոշմամբ սահմանված նորմերը։