ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) Facebook–ի իր էջում հրապարակել է Հորդանանի Աբդալլա II թագավորի կնոջ` Ռանիայի լուսանկարը։
Լուսանկարում թագուհին գեղեցիկ երկար զգեստով է, որը նրա համար հեղինակել է հայ դիզայները։
«Թագավորական ընտանիքի անդամները բացարձակ տարբերվում են այլ հայտնիներից։ Նրանք իրենց մոգությունն ունեն։ Հորդանանի թագուհի Ռանիան Գրիգոր Ջաբոտյանի զգեստով է», – նշվում է հրապարակման մեջ։
Բաժանորդները մեկնաբանել են գրառումը` ընդգծելով թագուհու գեղեցկությունն ու զգեստի շքեղությունը։
«Թագուհին խարիզմայով է օժտված, նա բոլորին ստիպում է հիանալ նրանով», «Հիանալի է», «Իսկ ձեր զգեստները նրան էլ ավելի հիասքանչ են դարձնում», «Ռանիա թագուհին իսկական նազանք և կախարդանք է», – այսպիսի մեկնաբանություններ են թողել օգտատերերը։
Նշենք, որ Ջաբոտյանը ծնվել է 1986 թվականին Բեյրութում։ Նրա նախնիները Կիլիկիայի Սիս քաղաքից են, նրանք առաջնակարգ ոսկերիչներ էին, քաղաքում նրանց ճանաչում էին բոլորը։
Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները
Երբ Գրիգորը դարձել է 18 տարեկան, ընդունվել է Լիբանանի մայրաքաղաքում գործող «Esmod Beirut» հեղինակավոր ուսումնական հաստատություն, որտեղ ուսումնասիրել է դիզայնի և արվեստի հիմունքները։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հայտնի լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի (Elie Saab) մոտ։ Ավելի ուշ Գրիգորը ցանկություն է հայտնել ստեղծել սեփական ապրանքանիշը։
Ջաբոտյանի զգեստները տարբերվում են արտասովոր տեսքով և արևելյան նրբագեղությամբ։ Դրանք հավանում են աշխարհի բազմաթիվ գեղեցկուհիներ, այդ թվում` Հորդանանի թագուհին։