ՌԱԴԻՈ

Վանյան. «Շատ զբոսաշրջիկներ ցանկանում են ՀՀ-ում մասնակցել «Եվրոպական ժառանգության օրերին»»

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն ամենամյա է, դրան Հայաստանը միացել է 2000 թվականից և ամեն տարի գրանցում է ավելի մեծ մասնակցություն:
Sputnik
Վանյան. «Շատ զբոսաշրջիկներ ցանկանում են ՀՀ-ում մասնակցել «Եվրոպական ժառանգության օրերին»»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ, «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգող Հարություն Վանյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա հայաստանյան օրակարգը։

Այս ծրագրի գաղափարը սկիզբ է առել 1984 թվականին Ֆրանսիայում՝ որպես փակ հուշարձանների բաց դռների օրեր: 1999 թվականից Եվրոպական հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո իրականացնում է այն: Հայաստանը մոտ 20 տարի է, ինչ մասնակցում է ծրագրին և ամեն տարի գրանցում է ավելի մեծ մասնակցություն՝ ընդգրկելով բազմաբովանդակ միջոցառումներ:

Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ այս տարի ավելի քան 100 մշակութային կազմակերպություն նույնպես միացել են ծրագրին, իսկ միջոցառումների քանակը կհասնի մի քանի հարյուրի: Օրինակ` Հայաստանի ազգային գրադարանը տասնօրյակ է նվիրել «Եվրոպական ժառանգության օրերին»՝ հանրությանը հրավիրելով մասնակից լինել տոնին:  Միջոցառումների մուտքն անվճար է: Բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին Ամբերդ ամրոցից, երկժամանոց ժամանցային ծրագրով: Այս տարվա ծրագրի խորագիրն է արվեստն ու ժամանցը: Բոլոր մշակութային հուշարձանների տարածքները կօգտագործվեն նաև ժամանցի համար:

«Ունենք տեղեկատվություն, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնել մասնակցելու ծրագրին, որպեսզի ծանոթանան մեր մշակութային ժառանգությանը: Շատ զբոսաշրջիկներ նախկինում նույնպես ինտերակտիվ եղանակով շփվել են ու մասնակցել տոնակատարություններին»,- նշում է Հարություն Վանյանը:

Գլխավոր մասնագետի փոխանցմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի «Եվրոպական ժառանգության օրերը» հասանելի լինեն ամբողջ Հայաստանում և Արցախում, հետևաբար, Հայաստանի բոլոր մարզերում Արցախի որոշ բնակավայրերում նախատեսված են մշակութային միջոցառումներ: Հետագայի համար հնարավոր է երկարացնել ծրագրի ժամանակահատվածը, բայց Հարություն Վանյանի կարծիքով՝ անցկացվող միջոցառումներն այնքան հագեցած են, որ այս մի քանի օրերը բավականացանում են, որպեսզի Հայաստանը մշակութային առումով «ծածկվի»: