ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Վերածննդի ժամանակաշրջանի Ֆլորենցիայի վարպետ Չիմաբուեի նկարը հայտնաբերվել է 90–ամյա տարեց կնոջ տանը, Ֆրանսիայի հյուսիսի Կոմպյենյե քաղաքում։
Այս գանձի սեփականատեր կինը կարծում էր, թե իր խոհանոցում պարզապես հին սրբապատկեր է կախված։ Գնահատողները ֆրանսուհուն հայտնել են, որ կտավի արժեքը չորսից վեց միլիոն եվրո է։
Պարզվել է, որ նկարը Ֆլորենցիայի նկարիչ Չեննի դի Պեպոյինն է, որն ավելի հայտնի է Չիմաբուե անվամբ։ Նա նախառենեսանսի շրջանի իտալական գեղանկարչության գլխավոր վարպետներից է։ Մասնագետները նշում են, որ դի Պեպոն Քրիստոսի մասին ութ կտավ է ստեղծել։ Դրանցից երկուսը ներկայացված են Լոնդոնի ազգային պատկերասրահում ու Նյու Յորքում` Ֆրիկի թանգարանում։
«Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին». բացվեց Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը
«Հազվադեպ է հաջողվում նկարն այսպիսի լավ վիճակում գտնել։ Միանգամից մտածեցի, որ իտալացիներից մեկն է։ Սակայն նույնիսկ չէի կարող ենթադրել, որ դա կլինի ինքը` Չիմաբուեն», – ասել է նկարը գնահատող ընկերության ներկայացուցիչ Ֆիլոմեն Վուլֆը։
Կոմպյենյեի աճուրդի տունը հունիսին դիմել է 90 տարեկան կնոջը` « տան աղբը մաքրելու» խնդրանքով։ Աճուրդի մասնակիցներն իրենց հերթին դիմել են փորձագետների բյուրոյին, որտեղ հաստատվել է, որ կտավը պատկանում է Չիմաբուեին։ Նկարի արժեքը գնահատվում է 4–ից 6 միլիոն դոլար։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 27–ին։