ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր - Sputnik. Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Կշիմովսկին Հայաստանում է աշխատանքային այցով։ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տոնոյանը կհանդիպի Շոյգուի հետ. ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում է
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների շուրջ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: