Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան և կկայանա ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Նշենք, որ Ադրբեջանում այժմ պահվում են Հայաստանի և Արցախի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը և Արայիկ Ղազարյանը։

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

«Այդ մարդիկ պետք է հայրենիք վերադառնան». Մնացականյանը` Բաքվում գտնվող Ղազարյանների մասին

Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։