ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։
Այս մասին ասվել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կայացած պաշտոնական միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։ Հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրերը։
Սիրիայի կառավարական բանակը գրոհայինների երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Համաձայն դրանց՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականով նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։ Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քառակուսի մետր, սակրավորներն աշխատանքների ընթացքում նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և մեծագույն աջակցության համար՝ նշելով, որ պատմական օր է, որը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Միջոցառման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։