ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ վիրավոր զինվորի մասին տեղեկությունն այս գիշեր տարածել են տարբեր ԶԼՄ-ներ: Արծրուն Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել այս առիթով, ակնարկելով, որ դրանով հայկական կողմը «ջուր է լցնում Բաքվի ջրաղացին»:
Հովհաննիսյան. «Ադրբեջանը ներքին խնդիրները լուծելու համար օգտագործում է արցախա-ադրբեջանական սահմանը»
Բանակի մասին տեղեկությունները միայն պաշտոնական աղբյուրներից տարածելու կոչեր պաշտպանական գերատեսչության խոսնակը բազմիցս է արել, սակայն այս անգամ էլ տեղեկության աղբյուրը պաշտոնական կայքը չէր, և այն մեկնաբանվեց տարածվելուց հետո միայն:
Հավելենք, որ ավելի ուշ դեպքի մասին հաղորդագրություն տարածեց նաև Արցախ ՊԲ կայքը:
«Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում էլ, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ. ՀՀ նախագահ
Ըստ ՊԲ հաղորդագրության՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: