ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն է հայտնել հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Այս մասին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբևէ հանդիպե՞լ է Սորոսի հետ, քանի որ կարծիքներ են հնչում, որ հայաստանյան հեղափոխության հետևում հենց նա է կանգնած։
Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»
Հայտնել էինք, որ տարվա սկզբում` հունվար ամսին, Փաշինյանը մեկնել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի` շվեյցարական Դավոս՝ գլխավոր խորհրդարանի ուղեկցությամբ։ Դավոսում էլ տեղի էր ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։
«Դավոսի ֆորումից առաջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել։ Բայց աշխատանքային գրաֆիկս շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա` հանդիպման խնդրանքը բավարարել»,–ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Սորոսի` հեղափոխության հետևում կանգնած լինելուն` Փաշինյանը նշեց, որ կա երկու վարկած. առաջին վարկածն այն է, որ դավադրությունների տեսության հեղինակներն ասում են՝ հեղափոխությունն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են ձեզ հայտնի հեղափոխությունները։ Իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, ըստ Փաշինյանի, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, քանի որ նրանք էլ ասում են՝ չհասկացան, եթե հեղափոխությունն իրենք չեն արել, ապա այդ ով է համարձակվել առանց իրենց թույլտվության որևէ տեղ հեղափոխություն անելու։
«Այնպես որ, բոլոր կողմերին խնդրում և կոչ եմ անում հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում, իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով արեց հեղափոխությունը և ինչպես դա արվեց։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերով և այս պատմությունը մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, նրանք ընդամենն ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց , ըստ նրա, հայ ժողովուրդըն արդեն նետել է պատմության աղբանոցը, որտեղից նրանք դուրս չեն գալու։
Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»
Հիշեցնենք, որ շատերը Ջորջ Սորոսին մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015թ. Ուկրաինայի նախագահը նրան պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, 2015թ. ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչել էր անցանկալի։