Փաշինյանի որդու հետ նման բան տեղի չի ունեցել. ՊՆ–ի մեկնաբանությունը

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի որդու`Աշոտ Փաշինյանի մասին գրված հոդվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածն այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին զորամասում կոնֆլիկտ է ունեցել գրող–հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ։

«Նյութը որևէ աղերս չունի իրականության հետ»,– Facebook-ում գրել է Հովհաննիսյանը` հավելելով, որ նման բան տեղի չի ունեցել առհասարակ:

ՊՆ մամուլի քարտուղարը նշել է, որ բոլոր նորակոչիկներն ունենում են տարբեր ադապտացիոն ժամանակ ու տարբեր ադապտացիոն խնդիրներ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ: Ըստ Հովհաննիսյանի` թերթն այդ ամենը ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով։

Ադրբեջանոտ վերնագրեր` Նիկոլ Փաշինյանի որդու մասին. ՊՆ–ն մեկնաբանել է տարածվող լուրը

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորամասում պատմության մեջ է ընկել և որոշել է կարգուկանոն հաստատել իր ծառայած զորամասում։ «Սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։ Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը և այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եվ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։ Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում»,– նշված էր հոդվածում։

Թերթը նաև գրել էր, որ երբ այդ հարցով դիմել են Զորի Բալայանին, նա տեղեկացրել է, որ իր թոռնիկն արդեն տևական ժամանակ է` հիվանդանոցում է, հետևաբար, եթե անգամ Աշոտ Փաշինյանի հետ կոնֆլիկտ եղել է, ապա դա եղել է կես տարի առաջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն է անցնում Արցախում։

Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։