ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայ երիտասարդները պետք է սովորեն մոդելավորել ապագան և ընտրել արդիական ու մոտ ապագայում չհնացող մասնագիտություններ` միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Վիճակագրական ուսումնասիրությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Սոկոլովը։
«Այժմ գոյություն ունեցող մասնագիտությունների կեսը 15-20 տարի հետո կդադարեն գոյություն ունենալ կամ արմատապես կձևափոխվեն։ Եվ ապագայում աշխատաշուկայում պահանջված լինելու համար անհրաժեշտ է գոնե մաթեմատիկայի բազային գիտելիքներ, տեղեկատվության վերլուծության հմտություններ, մայրենի և օտար լեզուների իմացություն», – նշեց փորձագետը։
Նա կարծում է, որ սոցցանցերի դարաշրջանում երիտասարդները հետ են վարժվել ստացած տեղեկությունը վերլուծելուց։ Նրա համոզմամբ` անհրաժեշտ է ընտրել այնպիսի բուհեր, որտեղ ուսանողներին մտածել են սովորեցնում։ Նա հենց դա է փորձել սովորեցնել հայ հետազոտողներին ՄԱԿ–ի զարգացման ծրագրի կազմակերպած երկօրյա ինտենսիվ դասընթացների ժամանակ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» նախագծի շրջանակում։
Վիճակագրական ուսումնասիրությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի պրոֆեսոր Օզդչան Սարիտասն էլ իր հերթին նշեց, որ հաջողության հասնելու համար հայ փորձագետները պետք է ճիշտ հասկանան առաջնահերթություններն ու մանրակրկիտ վերլուծեն իրավիճակը։ Նրա խոսքով` կարևոր է հաշվի առնել ոչ միայն տնտեսական և ֆինանսական ռեսուրսները, այլև մարդկային և գիտական կապիտալը։
«Ձեռնարկատիրության կամ աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար կարևոր են այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելը և գաղափարները պրոդուկտի վերածելու կարողությունը։ Այդ հմտությունները պետք է ձեռք բերվեն ժամանակակից բուհերում», – նշեց փորձագետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս երկրների երիտասարդների` հայ երիտասարդությունը մեծ առավելություն ունի` ի դեմս սփյուռքի և տարբեր երկրների համայնքների հետ կապի։ Նա կարծում է, որ այդ կոմունիկացիան ընդլայնում է հորիզոնն ու շրջակա աշխարհի մասին պատկերացումները, հետևաբար կարող է օգնել մասնագիտության կամ գործունեության տեսակի ընտրության հարցում։
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի համակարգող Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ինտենսիվ կուրսը կօգնի մարզերի հայ երիտասարդներին ճիշտ նպատակներ դնել, առանձնացնել առաջնահերթությունները և հավանաբար կմոտիվացնի նոր նախագծեր և ստարտափեր իրականացնելու համար։
«Կրթությունը ոչ միայն երիտասարդների, այլև հասուն մարդկանց համար է։ Կարևոր է, որ այդ գաղափարը տարածվի, և մարզերի բնակիչները, իրենց հմտություններն արդիականացնելով, բիզնես գաղափարներն իրականացնելիս բարելավեն ոչ միայն իրենց, այլև ամբողջ հանրապետության տնտեսական վիճակը», – եզրափակեց նա։
Նշենք, որ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում անցկացվող ուսումնասիրությունները սկսել են անցկացնել 2019 թվականի փետրվարից։
Նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։ Այն իրականացնելու համար 800 հազար դոլար է ծախսվել։ Նախագծի նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանի 4 մարզում` Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք։ Սրանք երկրի առավել խոցելի և աղքատ մարզերն են, որտեղ 18-34 տարեկան երիտասարդների գործազրկությունը շատ բարձր մակարդակի է` 60%։
Ընդ որում, այդ կանանց և տղամարդկանց մեծ մասն ավելի քան 3 տարի չեն աշխատում։