Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հայ ծանրամարտիկը ոսկե դուբլ ձևակերպեց. Եվրոպայի չեմպիոնը դարձավ նաև աշխարհի չեմպիոն։ Հայաստանը` ի դեմս Հակոբ Մկրտչյանի, վաստակեց ոսկե երկու մեդալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոնի կոչման արժանացավ Թաիլանդի Պատայա քաղաքում։

«Ռոման» տասը ֆուտբոլիստով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում

Հրում վարժությունում լարված պայքար էր ծավալվել մի քանի ծանրորդների միջև, բայց Մկրտչյանն այդ հոգեբանական ու տակտիկական պայքարում հավասարը չունեցավ: Երկրորդ մոտեցումով Մկրտչյանն իր գլխավերևում պահեց 208 կգ–ն ու անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար:

Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակվելու ժամանակ Մկրտչյանը հրում վարժությունում ցույց էր տվել 207 կգ արդյունքը, իսկ երկամարտում` 371 կգ: Պատայայում նա զգալիորեն բարելավեց իր արդյունքը: Հրում վարժությունում` 208 կգ և երկամարտում` 375 կգ:

Այսպիսով, 89 կգ քաշային կարգում Հայաստանը` ի դեմս Հակոբ Մկրտչյանի, վաստակեց ոսկե մեդալը։

Հրում վարժությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Դավիթ Հովհաննիսյանն ու գլխավերևում պահեց 190 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցումով Հովհաննիսյանը բարելավեց իր արդյունքը հինգ կիլոգրամով՝ 195 կգ, բայց երրորդ մոտեցումից հայ ծանրորդը հրաժարվեց: Երկամարտի 355 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրեց 12–րդ տեղը: Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ:

Վաղը ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր ծանրորդներից ելույթ կունենան 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և կանանց մրցումներում 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: