ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:
Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին
Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ, մանավանդ, որ հայտարարությունը տեղադրվել է նույնիսկ ԱԱԾ պաշտոնական կայքում:
«Սպան էդպիսի բան անի՞: Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ 1991 թվականի պուտչիստներն են այդպիսի բան արել: Եվ ես շատ ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան
Հավելենք, որ Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում նրա հետ ու փոխադարձ համաձայնությամբ։