Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում այլևս ստիպված չեն լինի երկար սպասել

Տեղամասային թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ այցերի անբաժան մաս կազմող հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Մայրաքաղաքի 13 պոլիկլինիկաներում արդեն հնարավոր է հերթագրվել էլեկտրոնային եղանակով, մնացածներում համակարգը կներդրվի մինչև տարեվերջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Անապահովության միավոր ունեցող ընտանիքները պոլիկլինիկաներից անվճար դեղեր կստանան

«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Նշվում է, որ հերթագրման համակարգն արդեն ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:
Քաղաքացիները կարող են հերթագրվել աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00-ն:

Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ, որոնք ամրացված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:

«Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան»,- հայտնում են քաղաքապետարանից:

Գրանցումների արդյունքում յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են:

Ինչ նորույթ է սպասում պոլիկլինիկա այցելողներին. եղած բողոքներն ու նախարարության խոստումը

Մինչև տարեվերջ ծառայությունը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:

«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:
Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:

Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում այլևս ստիպված չեն լինի երկար սպասել