ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. «Բյուրեղներով արտասվող» 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի արտասովոր պատմությունը զարմացրել է նաև ռուս բժիշկներին: Ակնաբույժ Տատյանա Շիլովան փորձել է բացատրել, թե ինչը կարող է աղջկա «բյուրեղյա արցունքների» պատճառ լինել: РЕН ТВ-ի հետ հարցազրույցում բժշկուհին նշել է, որ նման ախտաբանությունը բացառիկ երևույթ է, դրա համար էլ պատճառները որոշելը բավականին դժվար է: Արագացված բյուրեղացումը կարող է արցունքի մեջ աղի բարձր քանակի հետևանք լինել:
«Արցունքը բիոլոգիական հեղուկ է, որն իր վիճակով և բաղադրությամբ նման է արյանը: Այդ պատճառով որոշակի իրավիճակներում, օրինակ աչքի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում դրա բաղադրությունը կարող է փոխվել»,- մեկնաբանել է Շիլովան:
Բժիշկը հավելել է, որ նյութափոխանակության խախտման ժամանակ նման բյուրեղներ կարող են առաջանալ նաև լյարդում և երիկամներում, այդ պատճառով Սաթենիկին ամբողջական հետազոտություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 22-ամյա բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են սկսել թափվել մոտ երկու ամիս առաջ: Սկզբում ընտանիքի անդամները մտածել են, որ աչքի մեջ անզգուշության հետևանքով ապակի է ընկել, բայց բյուրեղները երկու շաբաթ շարունակ անընդհատ հայտնվել են, դրանից հետո հարազատներն անհանգստացել են և բժշկի տարել նրան։
«Սկզբից ինձ հետազոտեցին Արթիկի բժշկական կենտրոնում, դրանից հետո՝ Գյումրիում, վերջում ստիպված գնացի Երևան։ Բոլոր բժիշկները շոկի մեջ են, նրանք առաջին անգամ են նման հիվանդության բախվում և չգիտեն ինչպես բուժել։ Նույնիսկ ախտորոշում չեն տվել», - ասաց Սաթենիկը։
Աղջկա սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել էր, որ բժիշկները սկզբում թերահավատորեն են վերաբերվել այս դեպքին։ Ոմանք նույնիսկ ասել են, թե կինը ստում է. կասկածել են, որ Սաթենիկն ինքն է աչքի մեջ ապակիներ մտցնում՝ ուշադրություն գրավելու համար։
Սակայն երկարատև ստուգումներից հետո թոթվել են ուսերը և խորհուրդ տվել սպասել այդ բյուրեղների փորձաքննության արդյունքներին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կլինեն այդ արդյունքները։ Դա վշտացնում է նրա ընտանիքի անդամներին։ Նրանք նույնիսկ եղել են առողջապահության փոխնախարարի մոտ, նրանց լավ են ընդունել, բայց առայժմ ապարդյուն։ Հույս ունեն հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստանալ անհրաժեշտ բուժում։
«Մենք օրական 10-14 բյուրեղ ենք հանում։ Նա ցավեր ունի, աչքն անընդհատ բորբոքված է, արդեն այտուցվել է, բայց ոչ մի կերպ չեն կարող օգնել։ Պետք է բուժում լինի, նա չի կարող անընդհատ տանջվել», - բողոքում է Զեմֆիրան։
Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է
Սաթենիկն ամուսնացել է 15 տարեկանում։ Ամուսինն առաջին կարգի հաշմանդամություն ունի, սկեսուրն ու սկեսրայրը թոշակառու են, երեխան հինգ տարեկան է։ Սաթենիկը ծնողներից նույնպես չի կարող օգնություն ակնկալել․ մայրը միայնակ է մեծացրել է նրան ու ևս չորս երեխաներին։