ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Աղմուկը, որ ԶԼՄ-ները բարձրացրել են ռուս հայտնի դերասանուհի, «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի առողջության շուրջ, պարզապես անթույլատրելի է: Նման հայտարարություն է արել լրագրող, «Մի անգամ…» հեռուստանախագծի հեղինակ Սերգեյ Մայորովը: Այս մասին հաղորդում է НТВ-ն:
Անաստասիա Զավորոտնյուկի ընկերը նրա առողջական վիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անում:
«Հայտնի է, որ կարևոր տեղեկատվության համար ամբողջ աշխարհում վճարում են: Ով, ում և ինչքան է վճարել Անաստասիա Զավորոտնյուկի և նրա ընտանիքի հանդեպ այս չափազանցված, դաժան, ցինիկ ուշադրության համար, հայտնի չէ: Կասկածներ, ասեկոսեներ, շուրջօրյա զանգեր, բազմապիսի կանխատեսումներ՝ այս ամենօրյա դրաման ճնշում է»,- ասել է Մայորովը:
Նրա խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է դերասանուհու մենեջերի՝ Մարինա Պոտապովայի հետ: Մայորովը նույնիսկ մեջբերել է նրա վերջին հաղորդած տեղեկությունը.
«Մի հավատա, մամուլը խիստ չափազանցնում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանուհին գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է, և նրան հիվանդասենյակ են տեղափոխել: Դրանից հետո տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Զավորոտնյուկին երկրորդ անգամ են վիրահատել, ինչը նրան փրկվելու շանս է տվել:
Իսկ դրանից ավելի վաղ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Տուշևը լրատվամիոցներին հայտնել էր, որ եթե Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և նրա մոտ գլխուղեղի վերջին աստիճանի ուռուցք է, ապա նման հիվանդների կյանքի տևողությունը կազմում է ութ ամսից մեկ տարի։ Նրա խոսքով` նման դեպքերում կանխատեսումները հուսալի չեն, քանի որ այդ վիճակում ճառագայթային վիրաբուժությունը և քիմիաթերապիան կարող են երկարացնել հիվանդի կյանքը, սակայն գրեթե անհնար է լիովին բուժվել։
ԶԼՄ–ների տվյալներով, 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը, գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։
Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։
Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել էր Անաստասիայի հայրը։