ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դուրս մնաց պայքարից:
Արդեն պոկում վարժությունում զգացվեց, որ Կարապետյանը հերթական անգամ հոգեբանական ինչ-որ խնդրի առջև է կանգնել ու չի կարողանում այն հաղթահարել: Մարզումների ժամանակ բազմաթիվ անգամ գլխավերևում 175կգ պահած ծանրորդը, երկու անգամ անընդմեջ չկարողացավ բարձրացնել 172կգ-ը: Ու ցավոք, այս անհաջողությունը շարունակություն ունեցավ:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ
Հրում վարժությունում Կարապետյանից սպասելիքները մեծ էին, բայց պոկում վարժության երկու մոտեցումները չիրացնելուց հետո հայ ծանրորդը ինչ-որ հոգեբանական խնդրի առջև էր կանգնել ու երեք անգամ չկարողացավ գլխավերևում պահել նախնական պատվերը՝ 195կգ-ը: Այսպիսով, մեր մարզիկը զրո ստացավ ու դուրս մնաց և՛ հրում վարժության պայքարից, և՛ երկամարտի:
Նշենք, որ Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։
Հավաքականի ընտրանու կազմում մրցավայր են մեկնել աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ վաստակած Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Ուժեղագույնները` աշխարհի առաջնությանը. հայ ծանրորդների մարզումները` լուսանկարներով
Վաղը մեդալների համար պայքարի մեջ են մտնելու մեր հավաքականի երկու ծանրորդներ: 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայցնելու են Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: