Մտնել խնամու կուսակցություն, թե բացել նորը. Խաչատուր Սուքիասյանը` քաղաքական ծրագրերի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում լրագրողներին ասել է, որ ամեն անգամ ընտրություններից առաջ քաղաքականություն մտնելու ցանկություն է ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանը քաղաքական որևէ ուժի հարելու մտադրություն այս պահին չունի։ Այսօր, Գյումրիում, լրագրողների հետ զրույցում ասել է նա` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամ–խնամիական հարաբերությունների թեմային։

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը հայտնվել է համացանցում. տեսանյութ

«Ես իմ բարեկամներին, ընկերներին շատ բարձր եմ գնահատում։ Բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ով շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում քաղաքական կուսակցություն, քաղաքական համակարգ, ՀՀ Սահմանադրությունն ինչ հնարավորություններ է տալիս, և, եթե դրա կարիքն ունենամ կամ կանդամագրվեմ որևէ կուսակցության, կամ ինքս կստեղծեմ այդ կուսակցությունը»,– ասաց նա։

Սուքիասյանը չթաքցրեց, որ նման մտադրություններ միշտ առաջանում են ընտրություններից առաջ։

Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը հարսանիքին. տեսանյութ

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սերունդն է Հայաստանը ղեկավարում, և շատ արագ զարգանում են, կրթված մարդիկ են, հնարավոր է ուղղակի դիտորդի կարգավիճակ ունենանք»,– ասաց Սուքիասյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 7-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը։