ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik.Անկախության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ, մինչ Գյումրի այցելելը ՀՀ իշխանության անդամներն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատագրման ու պետականության կառուցման համար զոհված հերոսներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի, Արցախյան պատերազմի զոհերի հուշարձանների առաջ։
Կաթողիկոսը հիշատակի աղոթք կարդաց հայրենիքի պաշտպանության համար իրենց հոգին տված հայորդիների համար։
Նշենք, որ Անկախության տոնն այս տարի նշվելու է Գյումրիում։ Այնտեղ նախատեսված միջոցառումներին մասնակցելուց հետո Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ։