Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահը համոզված է, որ Հայաստանը վստահ քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին գրված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։

Լուկաշենկոն նշել է, որ հայկական պետությունը համաշխարհային հանրության արժանի անդամ է և ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից։ Նրա կարծիքով` Հայաստանը վստահ քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով։

«Համոզված եմ, որ հայ–բելառուսական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ», – ընդգծել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Հայաստանի անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել էր, որ դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են հայ և ռուս ժողովուրդների շահերին։

Հայաստանն այս տարի նշում է անկախության 28-ամյակը։ Տոնին նվիրված հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվում են Գյումրիում։