Ի՞նչ նշանի տակ է ծնվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը. ի՞նչ են հուշում աստղերը

Սա միգուցե պետք էր անել դեռ 28 տարի առաջ, 1991-ի սեպտեմբերի 23-ին: Բայց երբեք էլ ուշ չէ: Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության աստղագրի, եթե կուզեք՝ հորոսկոպի մասին է: Իսկապես, ի՞նչ աստղի տակ է ծնվել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը։
Sputnik

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Հայաստանի երրորդ Հանրապետություն. ի՞նչ են հուշում, բայց չեն պարտադրում աստղերը մեր անկախ պետականության վերականգնման 28-րդ տարեդարձին ընդառաջ, Sputnik Արմենիան փորձեց պարզել աստղաբան Ալինա Դերձյանի օգնությամբ:

Առհասարակ, ռացիոնալ մտածողությունը կարծես հակադրվում է ամեն կարգի հորոսկոպներին, կանխագուշակություններին ու նման երևույթներին: Բայց խելամտությունը, մյուս կողմից, հուշում է, որ ոչինչ չարժե անտեսել: Եվ ամեն դեպքում, որքան էլ անցյալն անշրջելի է, ներկան` անհերքելի, ապագան՝ անխուսափելի, իսկ ընթացքը՝ անիմանալի, ի՞նչ նշանի տակ է ծնվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը, ինչպե՞ս էին այդ պահին դասավորված աստղերը, կենդանակերպի ո՞ր նշանն է մերը, եթե կարելի է այդպես արտահայտվել:

Նոստրադամուսի կանխագուշակությունները 2019թ–ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում

Աստղաբան Ալինա Դերձյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նախ նշում է, որ հստակ պատկեր ստանալու համար պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի երրորդ Հանրապետություն ծննդյան պահը 1991 թվականի սեպտեմբերի 23-ն է, ժամը 12-ի սահմաններում: Այսինքն` այն պահը, երբ Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում պատգամավոր Արամ Մանուկյանը հրապարակեց սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքների հիման վրա Գերագույն խորհրդի որոշումը:

Ի դեպ, ժամը հետաքրքիր է այնքանով, որ եթե, օրինակ` ԳԽ–ի այդ որոշումն ուշ երեկոյան լիներ, ապա Հայաստանի երրորդ Հանրապետության հորոսկոպի նշանը ոչ թե Կույսը կլիներ, այլ Կշեռքը: Իսկ առհասարակ, աստղաբանությունը նաև պետություններին վերաբերող ճյուղ ունի, որը կոչվում է մունդան աստղաբանություն:

«Որոշ աղբյուրներ Հայաստանը համարում են Այծեղջյուր, այլ աղբյուրներ՝ Խեցգետին: Բայց դա շատ կասկածելի է, քանի որ երկու դեպքում էլ կարելի է ինչ-ինչ բնորոշ գծեր գտնել: Մեր արևելյան ոխերիմ հարևանի մասին, օրինակ, կարելի է ասել, որ համաստեղությամբ Կարիճ է»,- նշում է Դերձյանը:

Որոնք են 2019 թվականի ամենահաջողակ կենդանակերպի նշանները. բացահայտում են աստղաբանները

Աստղաբանը, ընդառաջելով մեր խնդրանքին, զուգահեռում է ինչպես պետության, այնպես էլ անհատական աստղաբանական տվյալները: Նախ, հորոսկոպով Հայաստանի Հանրապետությանը համապատասխանում է Կույսի համաստեղությունը:

Ինչ վերաբերում է աստղային քարտեզին կամ աստղագրին, ապա Դերձյանը նկատում է. «Որքան շատ եմ ուսումնասիրում այդ քարտեզը, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ ՀՀ ծննդյան մասին հայտարարելու համար շատ բարենպաստ ժամանակ է ընտրված եղել»:

Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

Իհարկե, դեպքերի, իրադարձությունների ընթացքն է բերել դրան, բայց մյուս կողմից՝ ոչինչ պատահական չի լինում:

Մեր զրուցակիցը, բացատրելով ըստ ՀՀ ծննդյան ելակետային տվյալների ձևավորված պատկերը, նշում է. «Եթե մեր պետությունը փոխաբերական առումով դիտարկենք մի մանչուկ, ապա պետք է ասել, որ երեխան շատ հետաքրքիր է ու նաև ակտիվ: Ինչ խոսք, սա` կեսկատակ–կեսլուրջ:

«Բայց տեսեք` վերջերս անհանգստություններ կան մեր հասարակության մեջ՝ արժեքային շեղումների հնարավորության վերաբերյալ, այսպես ասած՝ գունավոր դրոշների և նման բաների հետ կապված: Կարող եմ շատ պատասխանատու կերպով նշել, որ մեր երկրի այս հորոսկոպի մեջ կան հստակ նշաններ, որոնք մեզ հուշում են` մենք մեր ազգային ավանդույթներին երբեք չենք դավաճանի, քանի որ այդ ավանդույթներին շատ կապված ենք ու դա շատ կարևոր ենք համարում: Այլ հարց է, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի կերպար, որ արտաքին աշխարհի հետ համագործակցության ժամանակ ծայրահեղական չընկալվի: Բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնենք, որ ծայրահեղանալու դեպքում ավելի ընկալելի չենք դառնա: Եվ այդ դեպքում աշխարհը մեզ ավելի լուրջ չի վերաբերվելու, քան մենք կվերաբերվենք աշխարհին: Աստղաբանը նշում է, որ ստացված քարտեզում արտացոլված տվյալները խոսում է մեր պետության դյուրազգացություն, զգայնության կամ նրբազգաց լինելու մասին»,-բացատրում է աստղաբանը:

Ինչ է սպասում հայերին և Հայաստանին նոր տարում. աստղաբանն իր կանխատեսումներն ունի

Շարունակելով բացատրել ստացած գծագիրը` Ալինա Դերձյանը միաժամանակ նշում է. «Տեսեք, ըստ այս քարտեզի ունենք այնպիսի իրավիճակ, որը որքան էլ ցանկալի չէ մարդկային առումով, բայց  չեմ կարող ասել, թե երբևէ շատ հանգիստ ու խաղաղ հարաբերություններ կունենանք մեր հարևանների հետ, որովհետև իրենք պարբերաբար դա ակտիվացնելու են, ու մենք պարբերաբար սուր իրավիճակներ ենք ունենալու: Սակայն դա չի նշանակում, որ մենք պատերազմական, ագրեսիվ կամ չար երկիր ենք լինելու: Մեր երկրի նկարագիրը խաղաղամետ է, բայց մեզ հանգիստ չեն թողնելու, երբեք: Ու մենք ուղղակի իրավունք չունենք թուլանալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»:

Եվ ամեն դեպքում, ինչպես ասվում է՝ «վերջը լավ է լինելու»: Առավել ևս, որ աստղերը հուշում են` մեր մեջ հակադիր բևեռի ընդգծվածությունը չի թողնի, որ ճահճանանք կամ նիրհենք դափնիների վրա։ Դիտարկված Արև-Լուսին հակադրումն էլ հուշում է, որ ձեռք բերածով չենք բավարարվելու, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանը և մենք երբեք չենք ընկճվի, երբեք տեղում չենք դոփի ու միշտ առաջ կգնանք:

Բարի ընթացք, Հայաստանի Հանրապետություն:

Իսկ աստղաբան Ալինա Դերձյանի հետ զրույցի մանրամասններ՝ տեսանյութում:

Ի՞նչ նշանի տակ է ծնվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը. ի՞նչ են հուշում աստղերը