«Հարաբերությունների ամրապնդումը մեր շահերից է բխում». Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Երևանի և Մոսկվայի բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները հետևողականորեն զարգանում են մի շարք ուղղություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ։

Փաշինյանը տիկնոջ հետ արդեն Գյումրիում է. Անկախության օրվա տոնակատարությունները մեկնարկեցին

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունները զարգանում են մի շարք ուղղություններով։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտում համատեղ հեռանկարային նախագծերի խթանումը, Եվրասիական տնտեսական միության մեջ ինտեգրացիոն գործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին», – նշված է Ռուսաստանի վարչապետի ուղերձում։

Ավելի վաղ Հայաստանի անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել էր, որ դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են հայ և ռուս ժողովուրդների շահերին։

Լուկաշենկոն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանն այս տարի նշում է անկախության 28-ամյակը։ Տոնին նվիրված հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվում են Գյումրիում։