«Երկրի առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին միայն մեր ձեռքերում է». Սարգսյան

ՀՀ նախագահն Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում նշել է, որ հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է նրա ուղերձը։

Փաշինյանն Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ այցելեց Եռաբլուր. տեսանյութ

«Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության»,– նշված է ուղերձում:

Նախագահի խոսքով` լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը:

«Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով: Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր»,– նշել է Սարգսյանը:

Ինչ է առաջարկում հիասքանչ Գյումրին իր հյուրերին և որ վայրերում արժե լուսանկարվել

Ըստ նախագահի` հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր: Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են:

«Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում»,– ընդգծել է Սարգսյանը։

Նախագահը մեջբերել է Հրանտ Մաթևոսյանի տողերը. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում...Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»:

Ի՞նչ նշանի տակ է ծնվել Հայաստանի երրորդ Հանրապետությունը. ի՞նչ են հուշում աստղերը

«Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ: Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև»,– նշված է ուղերձում:

Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար: Արմեն Սարգսյանի խոսքով` առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ:«Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին: Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին: Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։ Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Աստված պահապան բոլորիս»,– շեշտել է նախագահը:

Հիշեցնենք` անկախ Հայաստանն արդեն 28 տարեկան է։ Անկախության օրվա միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում։